ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է «ԴԱՐԵՍԿԻԶԲ» ՍՊԸ-Ի ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ
2009-10-02
Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հրապարակել է որոշում, որով մասնակիորեն բավարարել է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը։ Մասնավորապես, դատարանը որոշել է մասնակիորեն բեկանել և փոփոխել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2009 թվականի թիվ ԵԿԴ/0565/02/09 քաղաքացիական գործով կայացրած վճիռը և մերժել Լևոն Քոչարյանի հայցը՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից 620.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված նյութական վնաս բռնագանձելու պահանջի մասով։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ առաջին ատայանի դատարանի ճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ։
Նշենք, որ բողոք բերած անձը խնդրել էր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2009 թվականի թիվ ԵԿԴ/0565/02/09 քաղաքացիական գործով կայացված վճիռը՝ հայցադիմումը բավարարելու մասով բեկանել և այն ուղարկել նույն դատարան` նոր քննության կամ նշված վճիռը բեկանել և այն փոփոխել՝ մերժելով հայցը՝ վճռով բավարարված մասով կամ կարճել գործի վարույթը, քանի որ այն ենթակա չէ քննության դատարանում։
Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 5-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մասնակիորեն բավարարել էր Լևոն Քոչարյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ ի դեմս «Դարեսկիզբ» ընկերության։ Դատարանը վճռել էր Հայկական ժամանակ» օրաթերթին՝ ի դեմս «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի պարտավորեցնել հերքել պատիվը և արժանապատվությունն արատավորող «Հայկական ժամանակ» խմբագրության կողմից 06.02.2009 թվականի թիվ 21 (2209) օրաթերթի առաջին էջում հրատարակված հոդվածում Լևոն Ռոբերտի Քոչարյանի վերաբերյալ տեղեկությունները և հերքումը տպագրել «Հայկական ժամանակ» օրաթերթում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո։ Բացի այդ, դատարանը որոշել էր նաև «Հայկական ժամանակ» օրաթերթից ի դեմս «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հօգուտ Լևոն Ռոբերտի Քոչարյանի բռնագանձել 3.620.000 ՀՀ դրամ՝ որպես վերջինիս պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների տարածմամբ վերջինիս պատճառված վնասի հատուցման գումար։
Պատասխանողից որպես հայցվորին պատճառված բարոյական վնաս 12.500.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասով հայցը մերժվել էր։

