17 :45 Շաբաթ
Դիտեք Հանրային առաջինի եթերում
  
 

Դատական լուրեր

2009 / 2010 /

Հունվ / Փետ / Մար / Ապր / Մայ / Հուն / Հուլ / Օգոս / Սեպ / Հոկ / Նոյ / Դեկ /


ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

2009-11-02

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածուի առաջին հատորի շնորհանդեսը։

Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրեգ Հոլսթեդը։ Շնորհավորական խոսքերով և բարեմաղթանքներով հանդես եկան ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը։ Ժողովածուն ներկայացրեց ՀՀ Դատական դեպարտամենտի կազմակերպա-իրավական վարչության պետ Սերգեյ Մարաբյանը։

Վճռաբեկ դատարանի նախագահն իր ելույթում նշեց, որ ժողովածուն կոչված է նպաստելու հասարակության իրավագիտակցության, դատական իշխանություն կրողների պատասխանատվության զգացումը բարձրացնելուն, այն կօգնի դատավորներին, փաստաբաններին, դատախազներին և քննիչներին ծանոթանալու վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին։ «Անգնահատելի է ժողովածուի դերը արդարադատության թափանցիկության, իրավակիրառ պրակտիկայի միատեսակությունն ապահովելու գործում»,- ասաց Արման Մկրտումյանը։ Նրա խոսքերով՝ նման ժողովածուների բազմաֆունկցիոնալ կիրառությունը կնպաստի դատական պրակտիկայի որակական նոր աստիճանի բարձրացմանը։


Նշենք, որ ժողովածուն ընդգրկում է սահմանադրաիրավական բարեփոխումների արդյունքում վճռաբեկ դատարանին վերապահված առաքելության շրջանակում կայացված քրեական գործերով դատական ակտերը՝ սկսած 2006 թվականի հոկտեմբերից մինչև 2008 թվականը ներառյալ։

Ժողովածուն ներառում է գրքում ընդգրկված դատական ակտերի համառոտագրերը։ Դատական ակտերի դասակարգումն իրականացվել է ըստ ակտերի կայացման ամսաթվերի, նյութական և դատավարական իրավունքի վերաբերյալ որշումների, ինչպես նաև մեկնաբանվող իրավադրույթի։ Այս դասակարգումը հնարավորություն կտա առավել հեշտությամբ գտնել կոնկրետ դատական ակտը։ Ժողովածուն ներառում է նաև լազերային սկավառակ, որի վրա ձայնագրված են նույն դատական ակտերը, ինչ որ ներառված են գրքում։ Սա ևս մեկ հնարավորություն է հեշտացնելու ժողովածուից օգտվողների աշխատանքը։

Շնորհանդեսին հրավիրված էին ներկայացուցիչներ Հայաստանի դատական համակարգից, պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև փաստաբաններ, իրավաբան-դասախոսներ և այլոք։

Սույն հրատարակումը հնարավոր է դարձել Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության (ABA/CEELI) և Հայաստանի Հանրապետության Դատական դեպարտամենտի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։






Գլխավոր